Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների ներկայացման համար նյութի վերնագիրը գուցե և մասնավորեցված հնչերանգներ է պարունակում, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, սակայն այն, ինչ եղավ իսպանականի հերթական տուրում, այնքան էլ մասնավոր դեպքերի շարքից չէ: Մի մոռացեք, որ եղել է մի առաջատարի փոփոխություն, որը համաշխարհային ֆուտբոլի առաջին «ջութակներից» է:
Իսպանիա
Անցած հանգստյան օրերը սևով ավարտվեցին Մադրիդի «Ռեալի» համար: Նախ եղավ 0:1 հաշվով պարտությունը Բիլբաոյի «Աթլետիկից», ապա հետևեց երկրորդ հարվածը, որը սկզբունքորեն այնքան էլ անսպասելի չէր: Խոսքը վերաբերում է «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ «Բարսելոնի» հաղթանակին` 6:1: Արդյունքում արքայականը հրաժեշտ տվեց առաջին հորիզոնականին: Սակայն սա ընդամենը սկիզբն էր: «Բարսելոնը» «Ռեալից» առաջ անցավ նաև խփած գոլերի քանակով` 76-ը 75-ի դիմաց, իսկ ռմբարկուների մրցավազքում, շնորհիվ հերթական հեթ տրիկի, Մեսին հավասարվեց Ռոնալդուին, ինչը սկսված տարվա առաջին օրվա դրությամբ շատերի համար անհավանական բաների շարքից էր ներկայանում: Փաստորեն ռեալ-բարսելոնյան միակ հավասարությունն այստեղ է, եթե դրանում սփոփիչ բան կա արքայական ակումբի սիրահարների համար: Իհարկե, անհաջողություններից ապահովագրված չէ և ոչ ոք, սակայն տարեսկզբյան տասնմեկ խաղում «Ռեալն» արդեն կորցրել է նույնքան միավոր, ինչը չափից ավելի է: Եթե սա չեք համարում ճգնաժամ, գոնե պիտի դիտարկեք որպես նախաճգնաժամ: Լավ, չշարունակենք աղ լցնել արքայական ակումբի սիրահարների վերքերի վրա ու հումանիստական այս հանդուրժողականությամբ անցնենք առաջ, սակայն ևս մեկ անգամ անդրադառնալով Մեսիին, քանի որ այս վերջին հեթ տրիկով նա միանգամից երկու ռեկորդի հեղինակ դարձավ: Իսպանական ակումբների կազմում սա նրա 32-րդ եռագոլն էր, առաջնության կտրվածքով` 24-րդը: Երկու հաշվարկներով էլ հրաշք արգենտինացին գերազանցում է Թելմո Սարային (31:22), Ալֆրեդո դի Ստեֆանոյին (28:22), Քրիշտիանու Ռոնալդուին (27:23):
Ներքին առաջնությունում «Աթլետիկոյի» վերջին անհաջողությունների հենքի վրա բավական սրվել էր երրորդի տեղի համար մրցակցությունը: Սույնում մասնավորապես առավել ջանադիր էր եղել «Վալենսիան», որը մեկ միավորի տարբերությամբ հասցրել էր «կպնել» մայրաքաղաքի ակումբի պոչին: Եվ ահա մադրիդյան առերեսումը պիտի պատասխան տար, թե երկրի գործող չեմպիոնը որքան է համամիտ իրերի նման դրվածքին: Հանդիպումը նյարդային ընթացք ունեցավ, անցավ չոր պայքարում, կողմերը փոխանակեցին մեկական գնդակ: Սա այն առավելագույնն էր, որ արվեց խաղում: 55 միավորով «Աթլետիկոն» երրորդն է, «Բարսելոնից» ու «Ռեալից» համապատասխանաբար հետ է յոթ և վեց միավորով:
Ֆրանսիա
Աղյուսակը գլխավորողի փոփոխության ռեալ հնարավորություն էր ուրվագծվել նաև դիվիզիոնի առաջնությունում, մանավանդ որ նախօրեին «Պարի Սեն Ժերմենը» 4:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ստորին հորիզոնականներում գտնվող «Լանսի» նկատմամբ ու ստանձնել առաջատարությունը: Սակայն «Լիոնը» «Մոնպելիեի» հետ արտագնա խաղում իր շանսը բաց չթողեց ¥3:1¤ ու 57 միավորով առաջին տեղում է: Տուրի հանդիպումը հաղթանակով էր ավարտել նաև «Մարսելը»` վեց գնդակ ուղարկելով «Թուլուզի» դարպասը, սեփականն ընդունելով մեկը: «Մարսելը» 53 միավորով երրորդ հորիզոնականում է ու ՊՍԺ-ից հետ է երեք միավորով:
Գերմանիա
Բունդեսլիգայի առաջատարը տարավ իր հերթական հաղթանակը: «Հանովերը» սեփական հարկի տակ չդիմացավ «Բավարիայի» ճնշմանն ու պարտվեց 1:3 հաշվով: Տուրում սայթաքեց երկրորդ տեղում վստահորեն ընթացող «Վոլֆսբուրգը»: Այն նվազագույն հաշվով զիջեց «Աուգսբուրգին»: Հիսուն միավոր ունեցող «գայլերին» կարող էր շատ ավելի շոշափելիորեն մոտենալ Մյոնխենգլադբախի «Բորուսիան», սակայն ընթացքում «Մայնցին» հաղթելով 2:0 հաշվով, չկարողացավ տեր կանգնել հաղթանակին, ու արդյունքը եղավ հյուրընկալվելիս շահած մեկ միավորը: Մյոնխենգլադբախցիները «Բավարիայից» հետ են տասը միավորով: Վերջին հաղթական մրցելույթների հենքի վրա հարկավ միավորների կորուստ պիտի դիտարկել Դորտմունդի «Բորուսիայի» հանդիպումը «Համբուրգի» հետ, որքան էլ այն կայացել է մրցակցի հարկի տակ: Այստեղ արձանագրվել է գոլազուրկ ոչ-ոքի: 29 միավորով «Բորուսիան» տասներորդ հորիզոնականում է:
Իտալիա
Սկուդետոյի առաջատար «Յուվենտուսը» երեկ ուշ երեկոյան է ավարտել հանդիպումը «Սասուոլոյի» հետ, այդ պատճառով էլ արդյունքի մասին ոչինչ չենք կարող ասել: Սակայն անկախ հանդիպման ելքից, այն այս պահի դրությամբ վստահորեն գլխավորում է աղյուսակն ու ութ միավորով առաջ է «Ռոմայից», որը «հաջողացրեց» վերջին տասնմեկ խաղում ութերորդ ոչ-ոքին անել: Այդ «հաճույքը» նրան պարգևեց «Կիևոն»` հյուրերի համար սեփական դարպասը պահելով անառիկ:
Դրամատիկ զարգացումներ եղան «Նապոլի»-«Ինտեր» խաղում: Ընթացքում առաջ լինելով 2:0 հաշվով` նեապոլցիները բառիս բուն իմաստով ճարպկեցին երկու գոլ ընդունել ու հանդիպումը բերել ոչ-ոքիի հանգրվան: Եթե հաշվի առնենք, որ նախորդ տուրում կորցրած երեք միավորի դիմաց այս ոչ-ոքին պաշարի որոշակի համալրում է, ուրեմն «Նապոլին» պիտի որ գոհ լինի իրենից, մանավանդ որ երրորդ հորիզոնականը 46 միավորով դեռևս կարողանում է պահել ձեռքում:
Անգլիա
Այստեղ գավաթային հանդիպումները «մոռացության» էին տվել առաջնությունը, իսկ եղածն էլ ընդամենը մեկ հանդիպում էր, եթե աչքաթող անենք երեկ ուշ երեկոյան կայացած «Մանչեստր Յունայթեդ»-«Արսենալ» դիմակայությունը: Այսպես` «Լիվերպուլը» մրցեց չեմպիոնշիպը ներկայացնող «Բլեքբեռնի» հետ ու չկարողացավ կոտրել հյուրերի դիմադրությունը: Պատասխան խաղից առաջ արձանագրվել է 0:0 հաշիվ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ